ԱԱԾ տնօրենը չէր կարող հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել, լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ազատումը։ Նա ասյպես արձագանքեց լրագրողների տված հարցին, թե արդյո՞ք Աբազյանն ազատվել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի տանը երեկ՝ հունիսի 17-ին տեղի ունեցած խուզարկության և եկեղեցու շուրջ իր հայտարարությունների հետ։
Փաշինյանը պարզաբանել է, որ Աբազյանը իր վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում և աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020 թվականի նոյեմբերից։
«Նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ։ Եվ ես կարծում եմ՝ նա արժանացել է նրան, որ մի քիչ հանգստանա, որովհետև 5 տարի լարված պայմաններում աշխատել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում։ Կարծում եմ՝ հասկանում եք, որ հեշտ չի»,- ասաց նա։
Հարցին, թե հերքո՞ւմ է, որ ազատումը կապ ունի նշված դեպքերի հետ, Փաշինյանը պարզաբանել է, որ ԱԱԾ տնօրենի ծառայությունը առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն ամենին, ինչ վերաբերում է անվտանգությանը, այդ թվում՝ հիբրիդային։
Հունիսի 18-ին վարչապետի որոշմամբ՝ Աբազյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը ժամանակավորապես կկատարելու է ծառայության տնօրենի պարտականությունները:
Աբազյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 8-ին: Նախքան դա զբաղեցրել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնները: Նշենք, որ Փաշինյանն իր վարչապետության տարիներին արդեն չորրորդ ԱԱԾ տնօրենին է ազատում պաշտոնից: