Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590 000 դոլար հափշտակելու գործով ձերբակալվածների մասին:
Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում նշվում է, որ ՔԿ-ում որպես իրեղեն ապացույց պահվող գումարը շուրջ մեկ տարի գտնվել է կոմիտեի շենքում։ Նաև հայտնում են, որ գողությունը կազմակերպել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը:
«Գողությունը կատարել է Էդգար Գրիգորյանը, որը մեղադրյալ է մեկ այլ աղմկահարույց գործով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության շենք մուտք գործելու, գույք ոչնչացնելու համար։ Այս գործով Գրիգորյանն, ըստ մեղադրանքի, երկու անգամ է մուտք գործել ՔԿ շենք տարբեր օրերի»,- ասվում է ռեպորտաժում։
Ըստ իրավապահների՝ մեղադրյալը ՔԿ է մտել սիլիկոնե դիմակով, ակնոցով, ձեռքին՝ սև պայուսակ։ Նա շենք մուտք գործելիս օգտվել է նախապես կրկնօրինակած անցաքարտից, որն, ըստ մեղադրանքի, նրան տվել է ՔԿ պաշտոնյան, ինչպես նաև այն քննիչի աշխատասենյակի ու պահարանի բանալիները, որտեղ գտնվել է գումարը։
ՀԿԿ-ի տվյալներով՝ հանցագործը հափշտակված գումարը բաժանել է մի քանի մասի՝ այն փոխանցելով տարբեր մարդկանց։
Նշվում է նաև, որ քննության առարկա է գումարը Կենտրոնական բանկին կամ այլ վարկային կազմակերպությանը պահպանության չհանձնելու հանգամանքը։
Մայիսի 21-ին ՔԿ շենքից հափշտակել էին որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 դոլար։