«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը դիմել է դատարան՝ ավելի քան 4 մլրդ դրամ պահանջելով հունվարին գործադուլին մասնակցած նախկին 8 աշխատակցից, հայտնել է փաստաբան Հրայր Խաչատրյանը։
«ԶՊՄԿ-ն 4 758 480 000 դրամի պահանջով դիմել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ հունվարի 31-ից փետրվարի 11-ը գործադուլին մասնակցած և այդ պատճառով աշխատանքից ազատված Շավարշ Մարգարյանի, Վահե Մխիթարյանի, Տիգրան Աթայանի, Կարեն Արշակյանի, Կարեն Անդրեասյանի, Գոռ Բաբաջանյանի, Վահե Բաբաջանյանի, Արթուր Բաբաջանյանի»,- գրել է փաստաբանը։
Նա տեղեկացրել է, որ հայցի շրջանակներում 4 758 480 000 դրամի չափով արգելանք է դրվել նրանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա, բացառությամբ՝ դրամական միջոցների և բանկային հաշիվների։
Փաստաբանի խոսքով՝ նախկին աշխատակիցների որևէ գործողություն «չէր կարող ԶՊՄԿ-ին վնասներ պատճառել, քանի որ ԶՊՄԿ-ն ունեցել է նաև գործադուլին չմասնակցած հազարավոր աշխատակիցներ, ովքեր հնարավորություն են ունեցել ապահովել ընկերության բնականոն աշխատանքը»։
«Աշխատանքները, կարծես, դիտմամբ չի համակարգվել և, արդյունքում, ընկերությունը նշում է, թե գործադուլի պատճառով է վնասներ կրել, այնինչ՝ նշվածը չի համապատասխանում իրականությանը։ Ստացվում է, որ ընկերությունից շարունակում են ոչ միայն անհիմն հետապնդել նրանց, այլև՝ առկա է խտրական մոտեցում և ենթադրյալ վնասներ հատուցելու հարցում թիրախավորում։ Առկա է իրավիճակ, որ ԶՊՄԿ-ն փնտրում է մեղավոր անձանց այնտեղ, որտեղ մեղավորներ չկա»,- հավելել է փաստաբանը։
Փետրվարի 7-ին ԶՊՄԿ-ում գործադուլի ֆոնին 8 աշխատակցի ազատել էին աշխատանքից՝ տեղեկացնելով, որ այդ պահից նրանց հայտարարությունները կրում են «մասնավոր բնույթ»: Ընկերությունում աշխատանքները բնականոն հունով վերսկսել էին փետրվարի 10-ին։