Ապրիլի 25-ին սահմանապահ զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ մեկ անձ ձերբակալվել է, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Խոսնակը տեղեկացրել է, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 12 տարի ժամկետով-խմբ․):
Ապրիլի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Սյունիքի մարզում հրազենային վնասվածքից սահմանապահ զորքերի զինծառայող էր մահացել։ Նույն օրը ՔԿ-ն սահմանապահ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։