Կալիֆոռնիայի շրջանային դատարանը մերժել է ադրբեջանցի Այնուր Բաղիրզադեի ներկայացրած դատական հայցը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և համայնքային այլ կառույցների նկատմամբ, հայտնել են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։
«Իր ընդգծված հակահայ պահվածքով և ատելության խոսքի տարածմամբ հայտնի ադրբեջանցի փաստաբանը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և համայնքային այլ կառույցների նկատմամբ մեղադրական անհիմն հայցեր էր ներկայացրել՝ պահանջելով նաև շուրջ 7․5 միլիոն դոլար փոխհատուցում»,- մանրամասնել են գրասենյակից։
Շեշտել են, որ ադրբեջանական այս գործելակերպը լիովին տեղավորվում է հատկապես Ամերիկայում և Եվրոպայում Հայ դատի գրասենյակների գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու ադրբեջանական պետական քաղաքականության համատեքստում, ինչի մաս են կազմում պատվիրված և առարկայազուրկ դատկան հայցերը, Հայ դատի հանձնախմբերի բարի համբավը տարբեր միջոցներով արատավորելու փորձերը, Հայ դատի առանձին գործիչներին թիրախավորելը և այլն։
«Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Կալիֆոռնիայի հարավային շրջանի դաշնային դատարանի որոշումը»,- ասված է հայտարարության մեջ։