Երևանում առանձնակի դաժանությամբ կատարված 54-ամյա Մարատ Սուվորովի սպանության գործով 4 անձ է կալանավորվել, հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Իրավապահները սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչներ 58-ամյա Վահրամ Ա․-ին, նրա 38-ամյա որդուն, 35-ամյա Արամ Օ․-ին և 28-ամյա Հարութ Կ․-ին։
Ըստ գերատեսչության՝ մարտի 31-ին ահազանգ են ստացել, որ տղամարդը շուրջ երկու օր է՝ չի պատասխանում հեռախոսազանգերին։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են միայնակ բնակվող Սուվորովի դին։
«54-ամյա տղամարդու ձեռքերն ու ոտքերը կապկպված էին։ Մարմնին կային մի քանի տասնյակ կտրած-ծակած վնասվածքներ։ Դին ննջարանում էր՝ հատակին, որտեղ ամբողջությամբ արնանաման հետքեր էին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Սուվորովը զբաղվում էր թանկարժեք մետաղադրամների առուվաճառքով։
Ըստ հաղորդագրության՝ կասկածյալներ Վահրամ Ա․-ն և Արամ Օ․-ն դեռևս 2024 թվականի ամռանը հափշտակված մետաղադրամներ են տվել Սուվորովին՝ վաճառելու նպատակով, նրանք նաև տեղեկացել են, որ Սուվորովն իր մոտ մշտապես պահում է թանկարժեք մետաղադրամներ:
Նրանք Հարութ Կ․-ի օգնությամբ պարզել են Սուվորովի բնակության հասցեն և, ըստ ոստիկանության, կատարել հանցագործությունը։
«Մարտի լույս 30-ի գիշերը Արամ Օ․-ն, Վահրամ Ա․-ն և նրա որդին գնացել են Երևանի Համո Սահյան փողոց։ Արամ Օ․-ն և Վահրամ Ա․-ն ապօրինի մուտք են գործել միայնակ բնակվող Մարատ Սուվորովի առանձնատուն, կապել են նրա ձեռքերն ու ոտքերը, սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ են հասցրել մարմնի տաբրեր մասերին, այդ թվում՝ կոկորդին, ինչի հետևանքով Մարատ Սուվորովը մահացել է։ Այնուհետև նրա բնակարանից հափշտակել են թանկարժեք մետաղադրամներ և այլ իրեր»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Այդ ընթացքում Վահրամ Ա․-ի որդին ավտոմեքենայում սպասել է Արամ Օ․-ին և Վահրամ Ա․-ին ։
Արամ Օ․-ն և Հարութ Կ․-ն ձերբակալվել են հայ-վրացական սահմանը հատելու ժամանակ։ Նրանց մոտ հայտնաբերվել է Սուվորովին պատկանող դրամապանակը, Գրիգոր Նարեկացու պատկերով ոսկյա շքանշան և մի քանի տասնյակ արծաթե ու բրոնզե մետաղադրամներ։
Իրավապահները նաև հայտնաբերել ու ձերբակալել են Վահրամ Ա․-ի և որդուն։
Արամ Օ․-ին և Վահրամ Ա․-ին ներկայացվել է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով առանձնակի դաժանությամբ սպանություն և բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն կատարելու մեղադրանք։ Վահրամ Ա․-ի որդուն և Հարութ Կ․-ին ներկայացվել է բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն կատարելուն հանցակցելու մեղադրանք։