Երևանի մետրոպոլիտենի վագոնները ներկած հինգ ձերբակալված անձինք օտարերկրացիներ են, տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանության տարածած հայտարարությունից։
Ըստ գերատեսչության՝ փետրվարի 1-ին «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, գնացքում վթարային իրավիճակ ստեղծած քաղաքացիները, բացի գնացքը ներկելուց, նաև քարեր են նետել գնացքի ուղղությամբ և թույլ չեն տվել երթևեկել։
«Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նախ աշխատեցրել են գնացքի «վթարային կանգառ» բռնակը, իսկ շարժակազմի կանգառից հետո կայարանների միջանկյալ հատվածից, պատը մագլցելով, վազել-մոտեցել են մի խումբ անձինք և ներկելու միջոցով վնասել ուղևորներով ընթացող գնացքի վագոնները»,- նշված է հաղորդագրության մեջ:
ԱԱԾ և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները Բագրատաշենի սահմանային անցակետում հատել փորձող հինգ կասկածվող օտարերկրացիներին ձերբակալել են, հայտնել է ոստիկանությունը։
Ավելի ուշ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, հաստատելով մամուլում տարածվող լուրերը, Armenia Today-ին հայտնեց, որ օտարերկրացիներից 4-ն ազգությամբ ռուս է, իսկ մեկը՝ լիտվացի։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը հայտարարել էր, որ հինգ անձ միացրել է անգելակող կոճակը, ներկել գնացքի վագոնները, ապա ձերբակալվել։
Թարմացված