Հունիսի 20-ին դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանի և իր 4 ընկերների ձերբակալումը, հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը մայիսի 15-ին հայտնել էր, որ մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը բերման է ենթարկվել, այնուհետ 72 ժամով ձերբակալվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 5 աջակից, այդ թվում ՝ Գևորգյանը։ Նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մանրամասնել էր, որ «նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով, որը հերքվել է անձնական խուզարկությամբ»։ Մելիքյանը հայտնել էր, որ խուզարկությունից հետո նրանց ազատ չեն արձակել, ինչը, ըստ նրա, «ապօրինի ձերբակալման ակնհայտ հանցակազմ» է պարունակում։
Մայիսի 1-ին Գևորգյանը կառավարության շենքի մոտ 72-ժամյա նստացույց էր սկսել։ Գևորգյանն Armenia Today-ին հայտնել էր, որ համաձայն չէ Տավուշի մարզում Ադրբեջանին տարածքներ հանձնելու հարցում իշխանությունների գործողությունների հետ։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Հունիսի 14-ին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել էր։