Խուլիգանության, անպարկեշտ վարքի հոդվածներով կալանավորված «Իմնեմնիմի» հաղորդաշարի (podcast) հեղինակ և վարող Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:
Դատարանն արգելել է Սաղաթելյանին հրապարակային խոսքով հանդես գալ:
Սաղաթելյանին և նրա գործընկեր Նարեկ Սամսոնյանին մեղադրանք էր առաջադրվել 2025թ. հոկտեմբերի 4-ին և նոյեմբերի 8-ին՝ «Իմնեմնիմի» հաղորդաշարի ընթացքում հասարակության, բարոյական և իրավական նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար:
Հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները 2025թ. նոյեմբերի 13-ին ձերբակալել էին Սամսոնյանին ու Սաղաթելյանին:
Սամսոնյանի խափանման միջոցը փետրվարի 19-ին փոխվել էր տնային կալանքի, իսկ մարտի 24-ին տնային կալանքը փոխվել էր վարչական հսկողության։
Սաղաթելյանի նկատմամբ ապրիլի 2-ին դատարանը կիրառել էր երկամսյա տնային կալանք։

























