ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել կոնգրեսական Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի աղբյուրներից շուրջ 600 000 դոլար կաշառք ստանալու գործով, հայտնել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից (ANCA)։
Կուելյարին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու, դավադրության և փողերի լվացման հոդվածներով։ Ըստ քննության՝ նա ավելի քան 598 000 դոլար է ստացել ադրբեջանական պետական կառույցների հետ կապված աղբյուրներից՝ ԱՄՆ քաղաքականության վրա ազդեցություն գործադրելու դիմաց։
Դատախազության տվյալներով՝ Կուելյարը պարտավորվել է առաջ տանել Ադրբեջանի շահերը Կոնգրեսում՝ ներառյալ օրենսդրական նախաձեռնությունների վրա ազդելը, ելույթներ ունենալը և հանդիպումներ կազմակերպելն ամերիկյան պաշտոնյաների հետ։
ANCA-ն հայտարարել է, որ աջակցում է Տեխասի Ուեբ շրջանի դատավոր Տանո Տիխերինայի թեկնածությանը՝ Կուելյարին Կոնգրեսից դուրս մղելու նպատակով։ Կազմակերպության ղեկավար Արամ Համբարյանի խոսքով՝ Կուելյարը տարիներ շարունակ խոչընդոտել է Հայաստանի և Արցախի շահերին աջակցող նախաձեռնությունները։
2025 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում էր շնորհել Կուելյարին, սակայն վերջինս հայտարարել էր, որ շարունակելու է մասնակցել ընտրություններին։ Ներումը վերաբերել է նրա դեմ առաջադրված դաշնային մեղադրանքներին։






































