Ռուս քաղաքագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԷՄՕ գլխավոր գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը Armenia Today-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը ԱՄՆ մասնակցության հեռանկարները, ինչպես նաև Սյունիքով ճանապարհի բացման հարցում Վաշինգտոնի մասնակցությունը:
Օգոստոսի 7-9-ը Սպիտակ տանը կկայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ: Միջազգային ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն՝ Թրամփն առանձին հանդիպումներ կունենա նրանց հետ, այնուհետև սպասվում է երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը: Սպասվում է նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղ կարգավորմանը վերաբերող փաստաթղթի ստորագրում։
Reuters-ը գրել է, որ նախագիծը ստացել է «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) անվանումը: Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն իրավունք կստանա այդ հատվածը փոխանցել կոնսորցիումի, որը կզբաղվի ենթակառուցվածքների շինարարությամբ և կառավարմամբ։
Կռիլովն ընդգծում է, որ ԱՄՆ-ի նպատակը ոչ թե Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելն է, այլ տարածաշրջանում իր շահերն առաջ տանելը: Կռիլովի կարծիքով՝ ամերիկյան կողմի և Թրամփի համար կարևոր է ամրապնդել խաղաղապահի և փրկչի իմիջը հակամարտության գոտիներում։ Կռիլովը հավելել է, որ Սյունիքով ճանապարհի բացման նախագծին մասնակցությունն ԱՄՆ-ի համար ռազմաքաղաքական ներկայություն կապահովի Իրանի հետ սահմանին։
Ստորագրված փաստաթուղթը չի լուծի երկրների միջև իրական խնդիրները
Կռիլովի խոսքով՝ եթե նույնիսկ «հրաշք տեղի ունենա», և խաղաղության պայմանագիրը ստորագրվի, այն կպահանջի վավերացում երկու երկրների խորհրդարաններում, իսկ Բաքուն դժվար թե պատրաստ լինի հրաժարվել նախապայմաններից, որոնք առաջ էր քաշել: Թեև Վաշինգտոնում և Երևանում ստորագրված փաստաթուղթը կներկայացվի որպես խաղաղության կարևոր քայլ, ըստ քաղաքագետի, այն չի լուծի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները։
«Ալիևի համար իր նախապայմաններից հրաժարվելը հոգեբանորեն շատ դժվար է, ուստի ինձ թվում է, որ ամեն ինչ կսահմանափակվի ոչ թե լիարժեք խաղաղության պայմանագիր, այլ խաղաղության համաձայնագիր կնքելու մտադրության մասին ինչ-որ փաստաթուղթ ստորագրելով»,- նշել է քաղաքագետը:
ԱՄՆ-ը խաղաղապահության պատրվակով առաջ է մղում իր շահերը Հարավային Կովկասում
ԱՄՆ-ի մասնակցությունը կարգավորմանը, Կռիլովի կարծիքով, արդյունավետ չի լինի, քանի որ Վաշինգտոնի գլխավոր նպատակը սեփական շահերի ապահովումն է. համաշխարհային ռեսուրսների և առանցքային տրանսպորտային ուղիների նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև այն երկրների սահմաններին պլացդարմների ստեղծումը, որոնք ԱՄՆ-ն խնդրահարույց է համարում՝ Իրան, Ռուսաստան, Չինաստան և Հյուսիսային Կորեա: Նրա խոսքով՝ դա Վաշինգտոնն անում է բեռների փոխադրումն ու խաղաղապահությունն ապահովելու պատրվակով։
Կռիլովի դիտարկմամբ՝ Սյունիքով անցնող ճանապարհի շահագործմանը մասնակցությունը և Իրանի հետ Հայաստանի սահմանին իր ռազմաքաղաքական ներկայությունը կարող է օգտագործվել ԱՄՆ-ի կողմից՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա լարվածությունը, այդ թվում՝ կապված Իրանում վերջին իրավիճակի և Իսրայելի ռազմական գործողությունների հետ:
«Ամբողջ տարածաշրջանը կարող է ակնկալել նոր մեծ փորձություններ»,- վստահ է փորձագետը:
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի ազդեցության ուժեղացման հետ մեկտեղ ավելի հավանական է դառնում ռազմական գործողությունների մեկնարկը որոշ երկրների դեմ, որոնց Ամերիկան մրցակից կամ թշնամի է համարում։
Փորձագետը նաև կասկածի տակ է դրել ամերիկացիների շահագրգռվածությունը Հայաստանի և Հարավային Կովկասի տարածքով դեպի Եվրոպա չինական ապրանքների տարանցման զարգացման հարցում, ինչը նշված է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:
«Դժվար թե նրանք (ԱՄՆ-AT) շահագրգռված լինեն ի շահ իրենց մրցակիցների գործելու հարցում»,- հավելել է փորձագետը:
Կռիլովը կարծում է, որ Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունն այժմ չափազանց շահեկան չէ Հայաստանի համար։ Սյունիքում ԱՄՆ-ի ներկայության հետ կապված Հայաստանի դիրքերի ուժեղացում, նրա կարծիքով, չի նախատեսվում։ Քաղաքագետի համոզմամբ՝ ավելի շուտ դա «նոր խնդիրներ կստեղծի», իսկ այդ քայլի քարոզչությունը Հայաստանի իշխանությունների՝ որպես «մեծագույն ձեռքբերում» կներկայացնեն։ Կռիլովը դա բացատրել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններով:
Ռուսաստանի հետ ռազմավարական անորոշությունը պահպանվում է
Կռիլովն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանի գործողությունները կախված կլինեն Հայաստանի ղեկավարության որոշումներից:
«Եթե Հայաստանի իշխանությունները վերջնականապես խզեն քաղաքական և ռազմական հարաբերությունները Ռուսաստանի հետ, պահանջեն դուրս բերել ռուսական բազաները, ապա Ռուսաստանը կլքի երկիրը։ Այդ դեպքում Հայաստանն իր ճակատագիրը կորոշի առանց ռուսական գործոնի»,- շեշտել է փորձագետը։
Կռիլովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանն ուժային կամ դիվանագիտական մեթոդներով չի հակազդի նման որոշմանը, եթե այն ընդունվի Երևանի կողմից:
«Քանի դեռ Փաշինյանը ձեռնպահ է մնում Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնականապես խզելուց, հայ-ռուսական հարաբերություններում պահպանվում է ռազմավարական անորոշության իրավիճակը։ Տեսնենք, միգուցե իրավիճակը փոխվի ինչ-որ ուղղությամբ, որն ավելի նպաստավոր կլինի հայ-ռուսական հարաբերությունները կառուցողական հուն վերադարձնելու համար»,- եզրափակել է նա:
Կարդացեք նաև՝