Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 26-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը չի բացառել Հայաստանում շահումով խաղերն արգելելու հնարավորությունը։ Նա այդ մասին ասել է խաղային ոլորտի հարկային բեռն ավելացնելու նախագծի քննարկման ժամանակ։
Հարկային բեռի ավելացման նախագիծը հեղինակած պատգամավորի խոսքով՝ այն չի լուծում խաղամոլությունը կանխելու խնդիրը։
«Նախագիծը չի նպաստելու խաղադրույքների թվի նվազմանը։ Հարկային բեռի ավելացման նախագծով ֆինանսական խնդիր ենք լուծում, որ ՀՀ բյուջեն արատավոր երևույթից գոյացող միջոցներով սոցիալական խնդիրները լուծելու էլ ավելի մեծ եկամուտներ ունենա»,- ասել է Սարգսյանը։
Սարգսյանը հավելել է, որ կառավարությունում նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է, որ օրենքն ուժի մեջ մտնի ոչ թե այն ընդունելուց 6 ամիս հետո, այլ ապրիլի 1-ից: Առաջարկն ընդունելի համարելով` պատգամավորը նշել է, որ օրենքի ընդունման դեպքում բուքմեյքերական և շահումով խաղերով զբաղվող ընկերությունների հարկային պարտավորությունները կավելանան ապրիլի 1-ից:
Խաղադրույքները նվազեցնելու մասին խոսելով՝ պատգամավորը հայտնել է, որ այդ հարցով աշխատանքային քննարկումներ կան, և առաջին հերթին դիտարկում են խաղային օպերատոր ունենալու անհրաժեշտությունը։
«Խաղային օպերատորի օրենքն ունենք, բայց, ցավոք, այս պահին դեռ օպերատոր չունենք։ Օպերատորը սահմանելու է այնպիսի սահմանափակումներ, որոնց կիրառմամբ սոցիալական խմբերում ընդգրված քաղաքացիները կա՛մ չեն կարողանալու խաղադրույքներ կատարել, կա՛մ միայն սահմանափակ չափով։ Խաղային օպերատորն անձի նույնականացում է իրականացնելու, և ըստ դրա սահմանափակումներ է կիրառելու»,- մանրամասնել է պատգամավորը։
Պատգամավորը դիտարկել է Հայաստանում առհասարակ շահումով խաղերն արգելելու հնարավորությունը, բայց մինչ այդ, նրա խոսքով, այլ ընթացակարգեր են անհրաժեշտ։ Նա տեղեկացրել է, որ բուքմեյքերական 4 ընկերության ներկայացուցիչների հետ քննարկում է ունեցել։
«Այսօր ՀՀ-ում գրանցված 4 ընկերությունից բացի կա գործոնեություն ծավալող 50 ընկերություն։ Հայաստանում շահումով խաղերով զբաղվող 4 լիցենզավորված ընկերություն ՀՀ-ում չգրանցված 50 ընկերության գործունեությունն արգելելու մասին նամակ է ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարություն։ Ըստ օրենքի՝ այդ գործունեությամբ կարող են զբաղվել միայն ՀՀ-ում լիցենզավոված ընկերությունները։ Երբ կկարողանանք փակել այդ չգրանցված 50 ընկերությունների գործունությունը, այդ ժամանակ կարող ենք քննարկել ՀՀ-ում շահումով խաղերն արգելելու հարցը»,- մանրամասնել է Սարգսյանը։
Փետրվարի 6-ին կառավարությունը հավանություն էր տվել խաղային ոլորտի հարկային բեռն ավելացնելու Սարգսյանի նախագծին, որով ոլորտի կազմակերպությունները բացի գործող հարկատեսակներից՝ նաև շրջանառության հարկ են վճարելու։ Սարգսյանն առաջարկել էր ոլորտի համար նախատեսել 10% շրջանառության հարկ: Հեղինակի խոսքով՝ 2010-2016 թվականների ընթացքում ոլորտի շրջանառության ծավալներն աճել են 11 անգամ: Նա նշել էր, որ նախագծի նպատակն է տարեկան շուրջ հարյուր միլիարդ դրամ եկամուտ ապահովել պետական բյուջե։