Զատկի տոնի հանգստյան օրերին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը Խոզնավարում արձանագրել է կրակոցներ ադրբեջանական կողմից, հայտնում է առաքելությունը Ֆեյսբուքի էջում։
«Խոզնավարում առաքելությունը նկատել է քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս հասցրած երկու կրակոցների հետևանքները, որոնք, հնարավոր է, արձակվել են այդ հատվածի ադրբեջանական դիրքերից»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ դիտորդներն անցկացրել են ցերեկային և գիշերային 27 պարեկություն, որը ներառել է Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերը։
Նախօրեին ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:
Մարտի 25-ին ՊՆ-ն հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Արդեն մի քանի օր անց՝ մարտի 31-ին, Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Սյունիքի սահմանամերձ Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տուն։ ՔԿ-ն քրվարույթ էր հարուցել ադրբեջանական զինուժի կրակոցներից հետո։