«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է, սակայն իշխանությունները նախընտրական շրջանում այն թաքցնում են ստվերային սուբսիդավորման միջոցով։
Կարապետյանն այդ մասին հայտնել է Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ մեկնաբանելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի հայտարարությունը, թե էլեկտրաէներգիայի սակագների աճը չի բացառվում։
Կարապետյանը հստակեցրել է, որ մինչև ընտրությունները թանկացումը գաղտնի պահելու և հասարակության դժգոհությունը չառաջացնելու իշխանությունները պետական բյուջեից ստվերային միջոցներ են ուղղում բարձրացված սակագինը սուբսիդավորելու համար։
Նրա խոսքով՝ փաստացի սակագների բարձրացումն արդեն տեղի է ունեցել։ Կարապետյանը նաև հայտարարել է, որ պատրաստ է ներկայացնել սակագների աճը հաստատող փաստաթղթեր։
Այսօր Մեսրոպյանը չէր բացառել Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հնարավորությունը։ Միաժամանակ նա նշել էր, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ բացառել գազի գնի փոփոխության հավանականությունը։
Իշխանությունները հայտարարել էին ՀԷՑ-ը պետական վերահսկողության տակ փոխանցելու մտադրության մասին այն բանից հետո, երբ ընկերության սեփականատեր, «Տաշիր» խմբի ղեկավար և «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը 2025-ի հունիսին քննադատել էր իշխանությունների՝ Հայ Առաքելական եկեղեցու հասցեին հնչեցրած հայտարարությունները։ Կարապետյանին կալանավորել էին, 2025-ի դեկտեմբերից նա տնային կալանքի տակ է։





































