Պապարացիներն առաջին անգամ նկատել են Բրյուս Ուիլիսին այն բանից հետո, երբ դերասանի ընտանիքը խոսել էր նրա մոտ ախտորոշված ճակատային դեմենցիայի մասին, հայտնում է Daily Mail-ը։
Մարտի 2-ին դերասանն ընկերների հետ գնացել է Կալիֆոռնիայի սրճարաններից մեկը, ապա շրջել Սանտա Մոնիկայով։ Նա կրում էր մոխրագույն գլխարկ, կապույտ սպորտային վերնաշապիկ և սև տաբատ։ Մինչ այդ դերասանը տեսախցիկների առաջ էր հայտնվել հունվարի վերջին, երբ ընկերների հետ գնացել էր Լոս Անջելես ճաշելու։
Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսի ընտանիքի անդամներն ավելի վաղ հայտնել էին, որ դերասանի մոտ ախտորոշվել է ճակատային դեմենցիա, որի դեմ բուժում գոյություն չունի։ 2022 թվականի մարտին Ուիլիսի հարազատները հայտարարել էին, որ նա ավարտում է դերասանական կարիերան աֆազիայի (խոսքի խանգարման) պատճառով։ Այդ ժամանակից ի վեր հիվանդությունը զարգացել է։ Այն ունեցողների մոտ աստիճանաբար նվազում են ճանաչողական գործառույթները, տուժում է խոսքը, փոխվում է կառուցվածքը։
Բրյուս Ուիլիսը նկարահանվել է շուրջ 150 ֆիլմերում և սերիալներում, որոնցից առավել հայտնի են «Քրեական ընթերցվածք», «Մեղքերի քաղաքը», «12 կապիկներ», «Արմագեդդոն», «Պինդ ընկույզ», «Շնագայլը», «Հինգերորդ տարրը» և «Վեցերորդ զգայարան» ֆիլմերը։ Ուիլիսը երկու անգամ ստացել է «Էմմի» մրցանակ, մեկ անգամ «Ոսկե Գլոբուս» և չորս անգամ առաջադրվել է «Սատուրն» մրցանակաբաշխությունում։