Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է», փոխանցել են ադրբեջանանական ԶԼՄ-ները։
Ըստ հրապարակումների՝ Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ «Ղարաբաղը պետք է պատկանի Ադրբեջանին, քանի որ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական տարածքի անբաժանելի մասն է», և «Թեհրանը հարգում է դա»։
«Մեր ներկայությունն Ադրբեջանում ուղղված է երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը: Հուսով եմ, որ մեր մասնակցությամբ անպայման ստորագրվելիք համաձայնագրերը և մեր փորձագետների միջև արդեն կայացած հանդիպումները կդառնան Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում ավելի մեծ քայլերի շարժման սկիզբը»,- նշել է Իրանի նախագահը։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները կփորձեն օգտագործել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Բաքու կատարած այցը հակահայկական նպատակներով։
Թեհրանը վերջին տարիների ընթացքում միաժամանակ բազմիցս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը», որի նախագիծն առաջ են տանում Բաքուն և Անկարան, վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին: