Ադրբեջանի իշխանությունները կփորձեն օգտագործել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Բաքու կատարած այցը հակահայկական նպատակներով, հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Այս այցը գրեթե ոչինչ չի փոխելու երկկողմ խնդիրների այն բարդ հանգույցում, որոնք, ըստ էության բազմաթիվ կետերում անլուծելի են, գրել է Ոսկանյանը։
Իրանագետը կարծում է, որ Թեհրանի դիրքորոշման մեջ փոփոխություն կամ մեղմացում չի կարող լինել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում, քանի որ դա ուղղակիորեն հակասում է իսլամական պետության շահերին։
Իրանագետը կեղծ է անվանել նաև Բաքվի կողմից առաջ քաշվող այն թեզը, որ Հայկական Սյունիքով միջանցք չտրամադրելու դեպքում Նախիջևանի հետ ցամաքային կապը կիրականացվի Իրանի տարածքով։ Նրա խոսքով՝ դա ճնշման պրիմիտիվ գործիք է Հայաստանի վրա, քանի որ այդ հաղորդակցությունը ԽՍՀՄ փլուզումից ի վեր իրականացվել է հենց Իրանի տարածքով՝ բնականաբար, իրանական լիակատար վերահսկողության, իսկ անհրաժեշտության դեպքում նաև սահմանափակումների ներքո։
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին փետրվարի 6-ին հայտարարել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» վնաս է թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի շահերին: Նա հավելել էր, որ Իրանն ու Հայաստանը համակարծիք են «Զանգեզուրի միջանցքի» հարցում, և տարածաշրջանի երկրներից միայն Թեհրանն է այդ հարցում աջակցում Երևանին։