Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը Եվրամիության առաջնահերթություններից է, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Կալլասի խոսքով՝ այս հանդիպումը կարևոր քայլ է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների վերակառուցման և բնակեցման հարցերը։
«Մենք ակտիվորեն աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը։ Հուսով եմ՝ հաջորդ քայլերը կլինեն ավելի արդյունավետ»,- նշել է Կալլասը։
Դիվանագետը շեշտել է, որ ԵՄ-ն շարունակում է կարևոր դեր խաղալ երկխոսության ամրապնդման և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման գործում։
Այս շաբաթ Ադրբեջանը շարունակել է կրակել հայկական տարածքների ուղղությամբ։ Ապրիլի 20-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ էին բացել Սյունիքի Խոզնավար գյուղի ուղղությամբ։ ԵՄ դիտորդական առաքելությունն արձանագրել էր գյուղում քաղաքացիական շենքերին հասցված վնասի երկու դեպք։ Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով Խոզնավարում բնակելի տուն էր վնասվել։