Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների նախագահական խորհրդի անդամ Եվա Մերկաչևան հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է հրապարակայնորեն հանդես գալ ի պաշտպանություն 2023 թվականին ադրբեջանցիների կողմից ձերբակալված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Մերկաչևան ընդգծել է, որ Փաշինյանը կարող էր ավելի ակտիվ ներգրավված լինել դատավարության մեջ՝ հաշվի առնելով Հայաստանում Վարդանյանի ակտիվ մարդասիրական գործունեությունը։ Սակայն, ըստ Մերկաչևայի, Հայաստանի իշխանությունները ոչ մի փորձ չեն արել Վարդանյանին պաշտպանելու համար, ինչը տպավորություն է ստեղծում, որ Փաշինյանը «քաղաքական մրցակցությունը գերադասում է քաղաքացիների շահերից», կարծում է նա։
Մերկաչևան նաև հայտնել է, որ Վարդանյանը և նրա համախոհները դատավարության նախօրեին հերթական անգամ հայտարարել են իրենց անմեղության մասին և կոչ են արել կարճել գործը։ Ըստ նրա՝ Վարդանյանին չի կարելի նույնացնել Արցախյան պատերազմի մասնակիցների հետ, քանի որ նա տարածաշրջան է տեղափոխվել հակամարտության սուր փուլի ավարտից հետո։
Հունվարի 25-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները «բոլոր հասու միջոցներով փորձում են լուծել» գերիների խնդիրը։ Նա նաև նշել էր, որ Բաքուն արգելված հոգեներգործուն միջոցներով ցուցմունքներ է կորզում հայ գերիներից, որպեսզի օգտագործի ՀՀ-ի դեմ։
Հունվարի 27-ին Բաքվի ռազմական դատարանը մերժել էր հայ գերիներին տնային կալանքի փոխարինելու միջնորդությունը։ Նույն օրը տեղի էր ունեցել նաև Վարդանյանի գործով նիստը: Ադրբեջանական դատարանը մերժել էր գործին ծանոթանալու համար լրացուցիչ 30 օր տրամադրելու վերաբերյալ նրա միջնորդությունը:
Դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Այս գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանին Բաքվի բանտում ցմահ ազատազրկում է սպառնում: