Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալ լինելով իր բոլոր գործընկերներին, կարող է փուլ-փուլ վստահորեն ստանձնել սեփական սահմանների պահպանությունը, և սա այն միջնաժամկետ նպատակն է, որը մենք առաջադրում ենք ինքներս մեզ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի զինծառայողներին և Ռուսաստանին՝ այս ընթացքում, անկախության առաջին օրերից այդ գործառույթներն իրականացնելու համար:
«Մեր քաղաքականությունն այն է, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը, որը երկարատև խաղաղության, ինստիտուցիոնալ խաղաղության և կայունության ճանապարհին շատ կարևոր միջանկյալ քայլ է»,- նշել է նա։
Վարչապետի խոսքով՝ այն տեղամասերը, որոնք սահմանազատված են և անցել են սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո՝ կառավարության համար ինչ-որ առումով ցուցադրական նշանակություն են ձեռք բերել:
«Որովհետև, ինքս էլ, պետական կառավարման մյուս մարմինների ներկայացուցիչները գնում են սահմանազատված և սահմանագծված տեղամասեր՝ ի ցույց դնելու, թե ինչ նկատի ունենք Իրական Հայաստան ասելով, ի՞նչ նկատի ունենք խաղաղություն և անվտանգություն ասելով, և սա չափազանց կարևոր առանձնահատկություն է»,- ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստան մուտք գործող և Հայաստանից դուրս եկող ցանկացած քաղաքացի սահմանային հսկողություն իրականացնելիս առնչվում է միայն ՀՀ սահմանապահ զորքերի զինծառայողների հետ, և սա չափազանց կարևոր առանձնահատկություն է:
Ըստ կառավարության՝ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ուղեկցությամբ ծանոթացել է սահմանապահ զորքերի տեխնիկական միջոցներին ու դրանց հնարավորություններին, հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած զոհված զինծառայողների հիշատակին:
2024 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստան-Իրան սահմանի Ագարակի անցակետում սահմանային հսկողությունն իրականացնում են միայն հայ սահմանապահները։
ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 8-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել էին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև, որ Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը։
Հուլիսի 31-ին ռուս սահմանապահները 32 տարվա ծառայությունից հետո ավարտել էին իրենց ծառայությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։