Անկարան որոշել է արգելել իսրայելական նավերի կողմից իր նավահանգիստների օգտագործումը և սահմանափակումներ մտցնել Թուրքիայի օդային տարածք ինքնաթիռների մուտքի վրա, խորհրդարանում հայտարարել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
«Ամբողջությամբ դադարեցրել ենք մեր առևտուրը Իսրայելի հետ, փակել ենք մեր նավահանգիստներն իսրայելական նավերի առաջ և թույլ չենք տալիս թուրքական նավերին մուտք գործել իսրայելական նավահանգիստներ: Մենք թույլ չենք տալիս Իսրայել զենք և զինամթերք տեղափոխող կոնտեյներային նավերին մուտք գործել մեր նավահանգիստներ, ինչպես նաև ինքնաթիռներին մուտք գործել մեր օդային տարածք»,- Ֆիդանի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
Գործակալությունը նախկինում, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ թուրքական նավահանգստային իշխանությունները նույնպես սկսել են ոչ պաշտոնապես պահանջել, որ նավագնացության գործակալները տրամադրեն նամակներ, որոնք հաստատում են, որ նավերը կապված չեն Իսրայելի հետ և չեն տեղափոխում այդ երկիր ուղղվող ռազմական կամ վտանգավոր ապրանքներ:
Աղբյուրի համաձայն՝ թուրքական դրոշով նավերին նույնպես կարգելվի մուտք գործել իսրայելական նավահանգիստներ:
Այսօր, Գազայի հատվածում ստեղծված իրավիճակին նվիրված արտակարգ նիստից հետո, Թուրքիայի խորհրդարանը կոչ է արել կասեցնել Իսրայելի անդամակցությունը ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին, մինչև նրա կառավարությունը «կհրաժարվի իր ցեղասպան քաղաքականությունից», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Բանաձևը նաև կոչ է արել աշխարհի օրենսդիր մարմիններին դադարեցնել ռազմական և առևտրային կապերն Իսրայելի հետ: Խորհրդարանական համապատասխան բանաձևն ընդունվել է միաձայն։
2024 թվականի մայիսին հաղորդվել էր, որ Թուրքիան դադարեցրել է Իսրայելից արտահանումն ու ներմուծումը՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացվող գործողությունների պատճառով։ Ապրիլին Թուրքիայի արդյունաբերության և առևտրի նախարարությունը սահմանափակումներ էր մտցրել 54 կատեգորիայի ապրանքներ Իսրայել արտահանելու վրա։ Հունիսին լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանը շարունակում է նավթ մատակարարել Իսրայելին՝ Թուրքիայի միջով անցնող խողովակաշարով։





































