Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկում, Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, Դաշնային խորհրդի սենատոր, Աֆղանստանի վետերանների միության նախագահ Ֆրանց Կլինցևիչի մուտքը Հայաստան արգելելու դեպքը։
Կլինցևիչը հրապարակային իր աջակցությունն էր հայտնել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին։
Զախարովայի խոսքով՝ ռուսական և հայկական կողմերը հաճախ են քննարկում նման թեմաներ, և Մոսկվան բազմիցս ասել է, որ մուտքի արգելքները դիտարկում է որպես «ոչ բարեկամական քայլեր», որոնք հակասում են երկու երկրների միությանը: Նա հավելել է, որ հարցը քննարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսին Հայաստան կատարած այցի ընթացքում։
Հունիսի 29-ին Կլինցևիչին «Զվարթնոց» օդանավակայանից թույլ չէին տվել մուտք գործել Հայաստան, մուտքի մերժման պատճառները չեն հստակեցրել։ Կլինցևիչի խոսքով՝ Երևան էր ժամանել մասնավոր նախաձեռնությամբ, որպեսզի հանդիպեր նրանց հետ, ովքեր օգնել են տեղադրել աֆղան զինվորների հուշարձանը: Ավելի վաղ Կլինցևիչը Կարապետյանի ձերբակալության համար քննադատել էր Հայաստանի իշխանություններին:
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում: Հուլիսի 4-ին դատարանն անփոփոխ էր թողել Կարապետյանին կալանավորելու որոշումը։
Կարդացեք նաև՝