Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դատապարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 27-ի ուժայինների գործողությունները: Հայտարարության մեջ, որը հրապարակվել է պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում, արքեպիսկոպոսը հորդորել է կանգ առնել, հակառակ դեպքում «անդունդի կտանի» այս ամենը:
Նա կոչ է արել երկուստեք նահանջել:
«Կացությունն անդառնալի իրավիճակի է հասել, բայց կոչ ենք անում անհապաղ երկուստեք նահանջել: Պետք է խնայել թե՛ ազգը, և թե եկեղեցին՝ խուսափելու համար նոր ու ավելի ծանր աղետներից, եկեղեցու և մեր ժողովրդի մեջ նոր բաժանումներ ու պառակտումներ ստեղծելու վտանգից», – ասված է Նուրհան արքեպիսկոպոսի հայտարարության մեջ:
Նա խստորեն դատապարտել է նաև եկեղեցու հանդեպ իշխանությունների մյուս գործողությունները: «Լիահույս ենք, որ Մայր Աթոռը կշարունակի իր գործունեությունը՝ համաձայն վանական և եկեղեցական օրենքների՝ հարգելով ՀՀ օրենքները, իսկ ՀՀ իշխանությունն էլ կվերահաստատի փոխադարձ հարգանքը Սուրբ Էջմիածնի և նրա գահակալի հանդեպ», -շեշտել է Երուսաղեմի Հայոց պատրիարքը:
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններից հետո հեղաշրջման մեղադրանքով 17 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Նրանցից 15-ի նկատմամբ դատարանը կիրառել էր կալանք՝ երկու ամիս ժամկետով։ Կանալավորվածների թվում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանը։
Հունիսի 27-ին ԱԱԾ-ն մտել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հավաքվածները մի քանի ժամ թույլ չէին տվել տանել սրբազանին, այնուհետև սրբազանն ինքն էր շարժվել դեպի Քննչական կոմիտե: Մի քանի ժամ հարցաքննություննից հետո հունիսի 28-ի վաղ առավոտյան նա կալանավորվել էր: