Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն այսօր՝ ժամը 18.00-ին, նիստ է գումարում և պաշտոնապես միանա ընդդիմադիր մյուս խմբակցության՝ «Պատիվ ունեմի» նախաձեռնած՝ ՀՀ վարչապետի իմփիչմենթի ենթարկելու գործընթացին, հայտնել է «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչ Նարեկ Մալյանը՝ հղում անելով իր տեղեկություններին:
«Մեզ նաև տեղեկացրեցին, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն իմփիչմենթի հարցում ակտիվ բանակցում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ձայներ բերելու համար»,- գրել է նա Ֆեյսբուքում:
Մալյանը հավելել է, որ սա պայմանավորված է Մայր Աթոռում իրավապահների գործողությունների հետ:
Մայիսի 30-ին նա բացառել էր վարչապետի իմփիչմենթի՝ քաղաքական օրակարգից դուրս գալը, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում մնա մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները: Նա ասել էր նաև, որ ակտիվ բանակցություններ էին ընթանում ընդդիմադիր դաշտում։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստակամություն էր հայտնել աջակցել այս նախաձեռնությանը, մինչդեռ «Հայաստան» դաշինքը կասկածի տակ էր դրել նախաձեռնության հեղինակների անկեղծությունն ու Փաշինյանին հեռացնելու համար նախ փողոցային ճնշումների կոչ էր արել:




































