Քննչական կոմիտեն հայտնել է «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում քննչական, վարութային գործողություններ իրականացնելու պատճառը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր շարժումն իր պաշտոնական էջում։
Ընդդիմադիր շարժումը, մասնավորապես, տեղեկացրել էր, որ իրավապահները վաղ առավոտյան խուզարկություններ, քննչական գործողություններ են սկսել «Սրբազան պայքարի» աջակիցների տներում, այդ թվում՝ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում, ուր, ինչպես երևում է հրապարակված տեսանյութերում, մի քանի տասնյակ ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ են։
ՔԿ-ն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանության զավթմանն ուղղված գործողություններ», ինչը կանխվել է։ ՔԿ-ն շեշտել է, որ հուլիսի 25-ին իրականացվող քննչական գործողությունները դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում են։
«Վ․Գ․-ն (աշխարհիկ անունը՝ Վազգեն, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան-խմբ․) և հանցավոր խմբի մյուս անդամները չեն կարողացել սկսել ահաբեկչության ու իշխանությունը զավթելու եղանակով այն յուրացնելու՝ կառավարության և ԱԺ լիազորություններին սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով տիրանալու գործողությունները՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից դրանք նախապատրաստելու փուլում բացահայտելու պատճառով»,- ասված է ՔԿ հայտարարության մեջ։
Կոմիտեն մանրամասնել է, որ «Վ․Գ․-ն 2024 թվականի նոյեմբերից ՀՀ իշխանությունն ստանձնելու նպատակով շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ»։ Ըստ ՔԿ-ի՝ «նա դիտավորությամբ ստեղծել է այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն»։
Կոմիտեն ընդգծել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցների և համախոհների հետ ունեցած հանդիպումների ժամանակ Վ․Գ-ն «բացառել է ընտրություններով իշխանությունն ստանձնելու եղանակը և տեղեկացրել հարմար պահի փոքրակազմ հարվածային խմբերի փոխհամաձայնեցված բռնի գործողություն իրագործելու մասին»։
«Պարբերաբար կայացած քննարկումների արդյունքում Վ․Գ․-ն, Մ․Շ․-ն, Հ․Շ․-ն, Տ․Փ․-ն, Լ․Մ․-ն, Հ․Հ․-ն, Ի․Ս․-ն, Ա․Ռ․-ն, Ա․Ղ․-ն, Ա․Ի․-ն, Ա․Ա․-ն, Մ․Մ․-ն, Դ․Գ․-ն և հանցավոր խմբի մյուս անդամները որոշել են ձևավորել ռազմական պատրաստություն ունեցող մինչև 25 անձանցից՝ հիմնականում նախկին զինվորականներից և ոստիկաններից կազմված 200-250 հարվածային խմբեր։ Խմբերից յուրաքանչյուրի առաջ դրել են պարտադիր կատարման ենթակա հստակ առաջադրանք, որը վերջիններս պետք է կատարեն ամեն գնով՝ առանց իմանալու մյուս խմբերի կողմից կատարվող առաջադրանքի ու դրա կատարման ընթացքի մասին և առանց միանալու այլ խմբերին՝ անկախ նրանց գործողություններից»,- ասված է ՔԿ հայտարարության մեջ։
Իրավապահ կոմիտեն շեշտել է, որ նրանք «պլանավորել էին ահաբեկչություն կատարել քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու» և այլ «հրավտանգ աարարքներ» կիրառելով։
«Մասնավորապես՝ մտադիր էին տրանսպորտային միջոցները վնասելով կամ դրանք այրելով կաթվածահար անել ամբոողջ հանրապետության տրանսպորտային շարժը, հազարավոր հրավտանգ միջոցների համաժամանակյա գործադրմամբ իրականացնել պայթյուններ, դրանցով կրակոցներ արձակել շենքերի և շինությունների պատերին, վնասել էլեկտրաէներգիայի և ինտերնետային կապի սնուցման մալուխները, հասնել համացանցի զանգվածային անջատումների, ոչնչացնել հասարակական սպասարկման օբյեկտներ՝ այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչությանը»,- ասված է հայտարարության մեջ։
Ըստ ՔԿ-ի՝ նրանք մտադիր էին «ՀՀ կառավարության և պետական այլ գերատեսչությունների կայքերը, էլեկտրոնային կառավարման համակարգերը հակերային հարձակումների միջոցով կաթվածահար անել՝ նպատակ հետապնդելով կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը և Սահմանադրությամբ սահմանված կարգով ՀՀ իշխանությունն ստանձնած անձանց՝ հարկադրել հրաժարվել դրանից»։
«Հանցավոր խմբի անդամները 2025-ի հունվար ամսից սկսած շարժման մասնակիցների և համախոհների միջոցով արդեն իսկ հավաքագրել են 1000-ից ավելի անձանց, ձեռք են բերել Երևանի քարտեզը, շարքից հանելու նպատակով ձեռք են բերել լուսացույցների, էլեկտրաէներգիայի և համացանցի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները, պատվիրել և ձեռք են բերել պայթյուններ կատարելու և կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ»,- հավելել են ՔԿ-ում։
Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՔԿ հաղորդագրությանը, գրել է, որ «իրավապահները կանխեցին Հայաստանն ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը»։
Քննչական կոմիտեն ավելի ուշ տարածած երկրորդ հաղորդագրությունն է հրապարակել, որտեղ, ըստ ՔԿ-ի, ներկայացված են «շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից «ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները»։
Կարդացեք նաև՝
«Սրբազան պայքարը» շարունակելու ենք 2025-ին՝ փողոցում․ Բագրատ Գալստանյան