Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Գելա Գելաձեն քննարկել են երկկողմ համագործակցությանն ու ընդհանուր մարտահրավերներին վերաբերող հարցեր, հայտնել են վարչապետի աշխատակազմից:
«Անդրադարձ է կատարվել միգրացիայի ոլորտում փոխգործակցությանը, հանցավորության և ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում համատեղ քայլերին ու նոր ստորագրվելիք փաստաթղթերի նախագծերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Փաշինյանը հույս է հայտնել, որ Գելաձեի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունն առավել ակտիվ և արդյունավետ կլինի: Նա շեշտել է, որ իր ղեկավարած կառավարությունը կներդնի բոլոր ջանքերն այդ նպատակի համար:
Վրաստանի ՆԳ նախարարը կարևորել է երկու երկրների միջև դարավոր բարեկամությունն ու ամուր համագործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման:
Գելաձեն Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ղեկավարում է 2025թ. մայիսի 28-ից: