«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմամբ իշխանությունները փորձել են մեծացնել ճնշումը եկեղեցու նկատմամբ, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս քայլով ձգտում է հասնել Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականին։
«Իշխող քաղաքական թիմում ՔՊ պատգամավորներին ու հանրային հաղորդակցման պատասխանատուներին արդեն տրվել են համապատասխան հրահանգներ։ Նրանց հորդորվել է պատրաստ լինել՝ սկսել ակտիվ քարոզարշավ Կարապետյանի դեմ՝ ներկայացնելով նրան որպես «նախկինների կողմնակից» և հատկապես՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող գործիչ»,- հավելել է թերթը։
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Վարչապետը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Սամվել Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին:
Կարդացեք նաև՝
ՔԿ-ն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան