ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ որոշում կկայացնի երկու շաբաթվա ընթացքում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։
«Ելնելով այն փաստից, որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նախագահը որոշում կկայացնի՝ միջամտե՞լ, թե՞ ոչ»,- Թրամփի խոսքերն է մեջբերել խոսնակը։
Լևիտը ճեպազրույցի սկզբում ընթերցել է Թրամփի հակիրճ գրավոր հայտարարությունը, որում ասվում է, թե ԱՄՆ առաջնորդի կարծիքով՝ Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական փոխգործակցության շանսեր կան։
Սպիտակ տան խոսնակը դժվարացել է հստակեցնել, թե արդյոք ԱՄՆ նախագահը պատրա՞ստ է կողմ արտահայտվել Իսրայելի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարին, որպեսզի հնարավորություն տա հակամարտության դիվանագիտական կարգավորմանը:
«Նա դա չի ասել ինձ թելադրված հայտարարության մեջ»,- պատասխանել է Լևիտը։
Հունիսի 17-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վաշինգտոնը դիտարկում է Իրանին հարվածելու հնարավորությունը և կործանիչներ տեղափոխում Մերձավոր Արևելք։
Յոթերորդ օրն է՝ շարունակվում են ռազմական գործողություններն Իրանի և Իսրայելի միջև: Առաջին հարվածը հասցրել էին Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի 13-ի գիշերը՝ թիրախավորելով Իրանի ռազմական և արդյունաբերական օբյեկտները, որից հետո կողմերն ամեն օր փոխանակվում են հրթիռային հարվածներով, որոնք մարդկային զոհերի ու ավերածությունների պատճառ են դարձել։
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի միակողմանի հարձակումն Իրանի վրա։