Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է վարչապետի խոսնակի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Գևորգյանը հայտնել էր, որ կառավարությունը տեղեկություններ ունի` Ucom ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սարգսյանի փեսա Մինասյանն է:
«Ծանոթանալով Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակի «սկանդալային գրառմանը»՝ այլեւս չենք տարակուսում ոչ իրավապահ մարմիններին իջեցվող ակնհայտ քաղաքական պատվերի բնույթից, ոչ էլ զարմանում բացահայտ զրպարտություն տարածելու մոլուցքից։
Ակնհայտ է՝ իրավապահ մարմիններն առաջիկա օրերին «գրպանում իր գցելու սկզբունքով» փորձելու են կյանքի կոչել հարգարժան խոսնակի կողմից վկայակոչված «վարչապետի ակնկալիքը»՝ դեսպան Մինասյանին մեղադրելով անգամ Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի կառուցման անօրինակության մեջ։
«Տիեզերական եկեղեցու վարդապետի» արձանից զատ ցանկացած այլ իրական կամ մտացածին կառույցին, բնակարանին եւ ընկերությանը դեսպան Մինասյանի առնչությունը խոշորացույցի տակ ստուգվել է երկու տարի անընդմեջ ՝ արձանագրելով Նիկոլ Փաշինյանի համար ոչ ցանկալի իրականությունը։
Անկասկած, նմանաբնույթ քաղաքական հրահանգներն ունենալու են իրավական հետեւանքներ ինչպես ներպետական, այնպես միջազգային ատյաններում։
Ինչ վերաբերում է «Յուքոմ» ընկերությունում «ենթադրյալ բաժնեմասի» վերաբերյալ մերկապարանոց եւ ակնհայտ սուտ հայտարարությանը, լիազորված եմ հայտարարելու, որ եթե օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտով հաստատվի, որ Միքայել Մինասյանը երբեւէ որեւէ սեփականատիրական առնչություն է ունեցել «Յուքոմ» ընկերությանը, ապա նշված բաժնեմասն անմիջապես կնվիրաբերվի «Իմ քայլը» հիմնադրամին»,-գրել է պաշտպանը։






































