Թբիլիսին շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև դիմակայության դադարեցմամբ, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին Imedi Live հաղորդման ժամանակ: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին հակամարտության կարգավորմանն ուղղված պատրաստակամության համար։
«Խաղաղությունն ու կայունությունը չափազանց կարևոր են տարածաշրջանի համար, և նոր հնարավորությունն են ստեղծում երեք երկրներին։ Չի լինում մի օր, որ որևէ խոշոր պետություն այս համատեքստում չհիշատակի տարածաշրջանը»,- նշել է վրացի պաշտոնյան։
Կավելաշվիլին հիշեցրել է Թուրքիայի հետ «հիանալի» հարաբերությունների մասին, և Թբիլիսիի դիրքորոշումը բնութագրել որպես տարածաշրջանը բոլորի համար ավելի գրավիչ դարձնելու ձգտում։
Ապրիլի 17-ին Թբիլիսիում տեղի էր ունեցել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպումը։ Ապրիլի վերջին Կավելաշվիլին այցելել էր Երևան՝ Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունն ընդլայնելու նպատակով։