Իրանը նախապատրաստում է Ադրբեջանից Նախիջևան երթուղին, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մենք ճանապարհ ենք նախապատրաստում, որպեսզի Ադրբեջանի մեր սիրելի եղբայրներն ու քույրերը կարողանան Իրանից մտնել Նախիջևան»,- ասել է նախագահը։
Նա այդ համատեքստում, միևնույն ժամանակ, շեշտել է Հայաստանի իրավունքները պաշտպանելու մասին։
«Յուրաքանչյուր ոք պետք է հարգի իր տարածքային ամբողջականությունը։ Երկրների միջև սահմանային կապերը կթույլատրվեն, եթե հաստատվեն քաղաքական և առևտրային հարաբերություններ՝ հաշվի առնելով կողմերի իրավունքները»,- նշել է նա:
Ապրիլի 8-ին իրանական և ադրբեջանական կողմերը քննարկել էին «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի և Արաքս գետի վրայով անցնող կամրջի կառուցումը։ Նշվել էր, որ Արաքս գետի վրայով Ադրբեջանի և Իրանի միջև կամրջի կառուցումը, որն սկսվել էր 2023 թվականի հոկտեմբերին, կամրապնդի Նախիջևանի և Ադրբեջանի տրանսպորտային և առևտրային կապերը։
Ապրիլի 10-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ադրբեջանը Նախիջևանին կապելու համար Իրանի տարածքով էլեկտրահաղորդման գիծ կանցկացվի։