Ստամբուլում հնարավոր երկրաշարժի առաջին րոպեներին կարող է փլուզվել 600 հազար տուն, լուրջ ռիսկի պայմաններում ապրում է մոտ 2,5 մլն մարդ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Շրջակա միջավայրի, ուրբանիզացիայի և կլիմայի փոփոխության նախարար Մուրատ Կուրումին:
Նրա խոսքով՝ գիտնականները Ստամբուլում և Մարմարա ծովի շրջանում Ռիխտերի սանդղակով 7 մագնիտուդից բարձր հզոր երկրաշարժ են կանխատեսում:
Կուրումը պարզաբանել է, որ Հյուսիս-Անատոլիական խզվածքի ճյուղերից մեկն անցնում է Մարմարա ծովով՝ Ստամբուլի ափերի մոտ։ Ստամբուլի քաղաքապետարանի երկրաշարժերի հարցերով գիտնականների խորհրդի անդամ Հալյուկ Էյիդողանի կարծիքով՝ հնարավոր երկրաշարժի տնտեսական հետևանքները կզգա ողջ Թուրքիան: