Ադրբեջանը ծանր հրետանի է կիրառում Արցախի որոշ ուղղություններում, X սոցիալական ցանցում (նախկին Twitter) հայտնել է Արցախի նախկին պետնախարար, պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Ալիևի ցեղասպան ռեժիմը սովի երկար փուլից հետո սկսել է Արցախի ժողովրդի ցեղասպանության արյունալի փուլը։ Սրանք ձեր իրավունքների և անվտանգության երաշխիքներն են, Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ»,- գրել է Բեգլարյանը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Ստեփանակերտի զանգվածային հրետակոծության մասին հայտնել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի բնակիչները։
Արցախի ՊՆ-ն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, հայտնել էր, որ ստահոդ է Ադրբեջանի ՊՆ-ի այն հաղորդագրությունը, թե ՊԲ ստորաբաժանումները ճնշել են Բաքու-Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։ Արցախի ՊՆ-ն նաև հերքել էր Ասկերանի շրջանում ադրբեջանական դիրքերին կրակելու Բաքվի տեղեկությունները։ Արցախի ՊՆ-ն պատասխանել էր դիվերսիոն ներթափանցում կատարելու Ադրբեջանի մեղադրանքներին՝ դրանք որակելով որպես ապատեղեկատվություն։
Արցախի ՊՆ-ն երեկ՝ սեպտեմբերի 18-ին, երկու անգամ հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունները։ Սեպտեմբերի 18-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր ԼՂ Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման և ԼՂ մեկ զինծառայողի վիրավորման մասին։