Անցնող ամսվա ընթացքում Երևան քաղաքում թափառող շների կողմից մարդկանց կծելու 14 դեպք է արձանագրվել։ Այդ մասին այսօր Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարեց «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ տնօրեն Հարություն Առաքելյանը։
Նրա խոսքով՝ ստացվել է 14 ահազանգ, որից 11-ին տրվել է համապատասխան լուծում, 3-ն ընթացքի մեջ են։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ այսօր իրեն զեկուցել են շների կծելու 40 դեպքի մասին։
«Եթե չեմ սխալվում, այս հանձնարարականը վերաբերվում էր մեր գործընկերների կողմից շաբաթվա ընթացքում արձանագրած թվերի և մեզ մոտ ահազանգերի տարբերությանը։ Ուզում եմ հասկանալ, թե այս 40 դեպքը և ձեր նշած 14-ն ինչո՞ւ են իրարից տարբերվում»,-ասաց Երևանի քաղաքապետը և հավելեց, որ նախորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ՀՈԱԿ-ին հանձնարարվել էր վերլուծություն իրականացնել Երևանում շների կծելու դեպքերի վերաբերյալ և զեկուցել արդյունքների մասին:
Քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանը հայտնեց, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մշակում է տեղեկատվության տրամադրման ձևաչափ և դեպքերի թվերն ուղիղ կտրամադրի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ին:
«Մենք պայմանավորվածություն էինք ձեռք բերել, որ Հիվանդությունների և վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնը մեր ՀՈԱԿ-ի հետ համատեղ մշակում է տեղեկատվության ձևաչափ և տրամադրում է ՀՕԱԿ-ին։ Մենք խնդիր ունենք՝ բժշկական գաղտնիք պարունակող տեղեկատվության վերաբերյալ։ Այսինքն՝ հեռախոսահամարը չի փոխանցվում, սակայն ողջ տեղեկատվությունը ճշտված տալիս ենք»,- ասաց նա։
Հարություն Առաքելյանը, սակայն, հայտնեց, որ չեն ստանում նման տեղեկատվություն, այլ պայմանավորվածություն կա, որ ՀՈԱԿ-ի հեռախոսահամարը պետք է փոխանցվի քաղաքացիներին:
«Չէ, ժողովուրդ ջան, ուրիշ բաների մասին ենք խոսում: Այս հանձնարարականի նպատակն էր կատարել վերլուծություն, թե ինչու է 14 ահազանգ եղել, բաց իրականում՝ 40-ն է: Մի անգամ արդեն այդ 40-ի մասով վերլուծություն արվեց և պարզվեց, որ դեպքեր կան արձանագրված մարզերում, բայց գալիս են Երևան են բուժօգնություն են ստանում, ինչն էլ թվերի տարբերության պատճառ էր»,- ասաց քաղաքապետը և հրահանգեց հաջորդ նիստի ժամանակ վերջին ամսվա ընթացքում շների կծելու դեպքերի վերլուծություն ներկայացնել:





































