Հրաժարականից հետո վարչապետի՝ պաշտոնակատարի կարգավիճակում պաշտոնավարելը շարունակելու սահմանադրական որևէ արգելք չկա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Վերջինս նշեց, որ որևէ քաղաքական ուժ այդ հանգամանքը չի վիճարկել, ոչ էլ սահմանադրաիրավական վեճ կա:
«Կան որոշակի սահմանափակումներ նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ պաշտոնակատարն ու քարոզչություն իրականացնողը չպետք է նույն սուբյեկտը լինեն: Խնդիրը վերաբերում է բացառապես այն փուլին, երբ կնախաձեռնվի նախընտրական քարոզչություն, և այդ ընթացքում անձինք չեն կարողանա համատեղել ընտրական քարոզարշավին մասնակցի և պետական պաշտոնյայի կարգավիճակները»,- նկատեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել ՀՀ վարչապետի պաշտոնից՝ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով։
Մանրամասները՝ տեսանյութում․