Կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը լքել է հայկական «Նոա» ֆուտբոլային ակումբը, հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին անցկացրած երկու մրցաշրջանի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում: Ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանի տեղեկություններով՝ Օմարն, ամենայն հավանականությամբ, ելույթները կշարունակի Բաթումի «Դինամոյում»։
Նրա տվյալներով՝ «Նոան» որոշել է բաժանվել ֆուտբոլիստից՝ այլ օտարերկրացի նորեկների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և լեգեոնականների նոր սահմանափակման պատճառով:
Սահմանափակման պատճառով թիմի հայտացուցակում մրցաշրջանի առաջին հատվածի համար չեն ընդգրկվի նաև ծանր վնասվածքներ ստացած Յան Էտեկին և Բիլալ Ֆոֆանան։ Ձմռանն ակումբն ստիպված կլինի խզել նրանց հետ պայմանագրերը կամ բաժանվել այլ լեգեոնականներից, որպեսզի կարողանա հայտավորել երկու ֆուտբոլիստին, նշել է Մելիքսեթյանը։
Ավելի ուշ «Նոան» հայտարարել է կոնգոյական ծագմամբ 27-ամյա ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Սթոուն Մամբոյի տեղափոխության մասին։
Հայկական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերը գնել է Ֆրանսիայի երկրորդ լիգայում հանդես եկող «Գրենոբլից»։ Մամբոն հանդես կգա 4-րդ համարի ներքո։

























