«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական ուղղությունն «անցնում է Թուրքիայով»։ Այս մասին նա ասել է՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին և մեկնաբանելով ռուս բլոգերների պրանկը, երբ նրանք, ներկայանալով որպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, զանգահարել էին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին։
«Էլ ի՞նչ պետք է լինի, որ մեր ժողովուրդը հասկանա, թե ինչ է կատարվում, որ աշխարհքաղաքական այն ուղղությունը, որով մենք գնում ենք, անցնում է Թուրքիայով»,- հայտարարել է Կարապետյանը։
Կարապետյանի խոսքով՝ զրույցի ընթացքում Սինիրլիօղլուն քննարկել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի փոփոխության հարցը, հայտարարել, որ Թուրքիան «ամեն ինչ կանի»՝ օգնելու Փաշինյանին Կարապետյանի դաշնակիցների դեմ պայքարում, ինչպես նաև ցանկություն է հայտնել, որ ՀՀ վարչապետը հաղթի։
«Այդ պաշտոնյան խոսքի մեջ շատ ուրախացել էր և քննարկում էր մեր երկրի ներքին գործերը, մեր երկրի կաթողիկոսի փոփոխության հարցը։ Ո՞ւր է հասել մեր երկրի ինքնիշխանությունն իրենց կողմից այդքան խոսույթով գովերգված, սակայն հողին հավասարեցված, որ մեր երկրի կաթողիկոսի փոփոխությունը, վեհափառի փոփոխությունը... թուրք պաշտոնյաները իրենց թույլ են տալիս քննարկել դա»,- հայտարարել է Կարապետյանը։
Armenia Today-ի խնդրանքով մեկնաբանելով Փաշինյանի խոսքերն այն մասին, թե զրուցակցի ազգության վրա շեշտադրում անելը դրսից բերված խոսույթ է, Կարապետյանը նշել է, որ Սինիրլիօղլուն, ի տարբերություն Հայաստանի ղեկավարության, երբեք չի մոռանում իր ազգային պատկանելությունը։
«Ինչ վերաբերում է ազգությունը նշելուն, այդ մարդը Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է։ Նրանք, ի տարբերություն մեզ, մշտապես ընդգծում են իրենց ազգությունը, ազգային գաղափարներն ու մոտեցումները։ Նրանք մեզ դիտարկում են այդ ազգային գաղափարների շրջանակում՝ որպես երկիր, որին պետք է ինչ-որ կերպ ներքաշել այլ քաղաքական գործընթացների մեջ»,- ասել է Կարապետյանը։
Այսօր ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ ազգությունը նշելն «ինքնիշխանությունից զրկող խոսույթ է»։



































