ՀՀ պետական ավագ դպրոցներում 2026-2027 ուսումնական տարում 10-րդ դասարանի ընդունելությունն առաջին անգամ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ հայտագրման միջոցով, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով. առաջին քայլով անհրաժեշտ է մուտք գործել https://my.emis.am/ հարթակ և բացել օգտատիրոջ էջ: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում։
Եթե արդեն անցել եք նույնականացում, ապա անհրաժեշտ է սպասել հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Ավագ դպրոցում հայտագրում» տեսաուղեցույցում:
Հայտագրման, դպրոցի տնօրենին դիմում ներկայացնելու, ինչպես նաև դպրոցի հետ պայմանագիր կնքելու ամբողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված էջով։
Առաջին փուլը կմեկնարկի հուլիսի 20-ին՝ ժամը 09:00-ին և կշարունակվի մինչև օգոստոսի 2-ը՝ ժամը 00:00-ն ներառյալ։ Այդ ընթացքում հայտագրումը հասանելի կլինի միայն արտոնություն ունեցող երեխաների համար։ Արտոնությունից կարող են օգտվել տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունեցող երեխաները, դպրոցի աշխատակիցների երեխաները, ինչպես նաև դպրոցից մինչև տուն սահմանված հետիոտնային հասանելիության շառավղում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները։
Արտոնությունից կարող են օգտվել նաև առնվազն վեց ամսով ներքին գործուղմամբ այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները, եթե մինչև հուլիսի 20-ը ԿԳՄՍ նախարարություն ներկայացվել են համապատասխան դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը։ Նշված արտոնությունները գործում են ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն ուսուցմամբ դասարանների համար։
Երկրորդ փուլը կմեկնարկի օգոստոսի 4-ին՝ ժամը 09:00-ին։ Այդ օրվանից հայերեն ուսուցմամբ 10-րդ դասարանների ընդունելությունը կիրականացվի ընդհանուր հիմունքներով։ Հայտագրվել կարող են նաև օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև այն սովորողները, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որևէ մեկին, իսկ մյուսը ՀՀ քաղաքացի է։ Համակարգը բաց կլինի նաև ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար, եթե նրանց ծնողները նախընտրում են հայերեն ուսուցմամբ դասարանները։
Օգոստոսի 11-ից՝ ժամը 09:00-ից, կհնարավոր լինի հայտագրվել նաև ռուսերեն ուսուցմամբ դասարաններում։ Այդ հնարավորությունը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների, ինչպես նաև այն դեպքերի համար, երբ ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է։
Կարգավորմամբ սահմանվել է նաև, որ երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից մեկի ընդունելությունը որևէ հանրակրթական դպրոց ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով նախատեսված տեղերի քանակից։
Առցանց հայտագրումը չի կիրառվի մասնագիտացված դպրոցներում, բուհերի ենթակայությամբ գործող դպրոցներում, հանրակրթական դպրոցների «Արհեստական բանականություն» սերունդ դասարաններում, ինչպես նաև այն միջնակարգ դպրոցներում և վարժարաններում, որտեղ սովորողները ծնողի դիմումի հիման վրա նույն հաստատության կրթության երրորդ աստիճան կփոխադրվեն ներքին ընթացակարգով։ Հայտագրումը կշարունակվի ամբողջ ուսումնական տարվա ընթացքում։






































