Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար անընդունելի է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին հայտարարությունները՝ ԵԱՏՄ անդամակցության առավելություններից օգտվելուն զուգահեռ։
RTVI-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Մոսկվայում «չեն հասկանում», թե ինչու Հայաստանի ղեկավարությունը չի շտապում հանրաքվե անցկացնել այդ հարցով։ Գալուզինը հիշեցրել է, որ մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները հանդես էին եկել հանրաքվեն հնարավորինս շուտ անցկացնելու օգտին՝ նշելով, որ Հայաստանի օրենսդրությամբ այն անհրաժեշտ է վերազգային ինտեգրացիոն կառույցներին անդամակցելու դեպքում։
«Անկեղծ ասած՝ մենք այնքան էլ չենք հասկանում, թե ինչու Հայաստանի ղեկավարությունը չի շտապում հարցնել երկրի բնակիչների կարծիքն այս կարևոր հարցի վերաբերյալ։ Չեմ բացառում, որ նման դանդաղկոտությունը պայմանավորված է քաղաքական նկատառումներով»,- ասել է նա։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները համատեղ հայտարարություն էին ընդունել, որում արտահայտել էին իրենց ընդհանուր դիրքորոշումը Հայաստանում ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու մասին ազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ։
Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև հնարավոր ընտրության հարցում որոշումը պետք է ընդունի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով։ Նրա խոսքով՝ մինչև Հայաստանը պաշտոնապես չդիմի ԵՄ-ին անդամակցելու կամ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար, նման հանրաքվե անցկացնելն անտրամաբանական է։





































