«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը անընդունելի է համարել ՌԴ կողմից սահմանափակումները, որոնք վնասում են հայ արտադրողներին։ Այդ մասին նա հայտարարել է ընտրություններում քվեարկելուց հետո` անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների համար շուկաների հնարավոր փակման խնդրին։
Նա ընդգծել է, որ նմանօրինակ որոշումների արդյունքում ուղղակիորեն տուժում են հայ գործարարն ու ժողովուրդը։
«Դա ես չեմ ընդունում, իրոք, որովհետև դրանից տուժում են հայ բիզնեսմենները, հայ ժողովուրդը։ Ցանկացած քայլ ցանկացած երկրի կողմից, եթե արվում է ու տուժում է հայ ժողովուրդը՝ ես չեմ կարող դա ընդունել»,- շեշտել է Կարապետյանը։
Խոսելով արտաքին քաղաքական վեկտորի և, մասնավորապես, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ գործիչը հատուկ կարևորել է բազմաբևեռ և հավասարակշռված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է գործընկերային և փոխշահավետ կապեր պահպանի աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ։
«Մենք պետք է լավ հարաբերություններ ունենանք բոլորի՝ և՛ Ամերիկայի, և՛ Եվրամիության, և՛ Ռուսաստանի հետ։ Սրանք այն երկրներն են, որոնք պետք է օգնեն զարգացնել Հայաստանը։ Մենք չենք կարող ասել, որ լավ հարաբերություններ ենք ունենալու միայն Ռուսաստանի կամ միայն Ամերիկայի հետ։ Մեր դեպքում հավասարակշռությունը միանշանակ է», - ասել է նա։
Անդրադառնալով ընտրական գործընթացներին և պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հնարավոր պարտության դեպքում արդյո՞ք պատրաստվում է լքել Հայաստանն ու վերադառնալ Ռուսաստան՝ Կարապետյանը կտրականապես հերքել է նման հավանականությունը։ «Ես նման մտադրություն չունեմ։ Մնալու և աշխատելու եմ Հայաստանում։ Մտահոգվելու կարիք չկա, ես այստեղ շատ անելիքներ ունեմ»,- եզրափակել է նա։
Մոսկվայից հնչող քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, որոնց թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը, ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակներ, մրգերի և բանջարեղենի որոշ տեակներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը կսուբսիդավորի Ռուսաստանի սահմանափակումների պատճառով տուժած բիզնեսին։ Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի մասին խոսակցություններն արհեստական են։





































