Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների հարցման մասին Euronews լրատվամիջոցի մայիսի 31-ին հրապարակված հոդվածում ներկայացված թվերը չեն արտացոլում հայկական «Բրեվիս» (Breavis) սոցիոլոգիական ընկերության հրապարակած արդյունքները, հայտնել է CivilNet-ը։
Հոդվածում նշվում է, որ նոր հարցման համաձայն՝ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնում է դեպի ջախջախիչ հաղթանակ»։ Ըստ հոդվածի՝ հարցումն իրականացրել է «Բրեվիս» ընկերությունը, որի տվյալներով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է ստանալ կողմնորոշված ընտրողների ձայների գրեթե 65%-ը։
CivilNet-ը նշել է, որ հոդվածում ՔՊ-ի համար նշված 65% ցուցանիշը «Բրեվիսի» հարցման ուղիղ տվյալը չէ, այլ Europe Elects հարթակի կատարած վերահաշվարկի արդյունքը։ Եթե հոդվածում նշվում է, թե ՔՊ-ի օգտին պատրաստ է քվեարկել կողմնորոշված ընտրողների գրեթե 65%-ը, ապա «Բրեվիսի» հրապարակած տվյալներով այդ ցուցանիշը 32% է։
Euronews-ը չի պատասխանել CivilNet -ի հարցմանը։ Նշվում է, որ լրատվամիջոցը նաև որևէ փոփոխություն չի կատարել հոդվածում՝ «Բրեվիսի» հերքումից հետո։
Ավելի վաղ «Բրեվիս» ընկերությունը հայտարարել էր, որ Euronews-ի հրապարակման մեջ ներկայացված սոցհարցման արդյունքները չեն արտացոլում իր իրականացրած հետազոտության պաշտոնական տվյալները։ Ընկերությունը նշել էր, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով մայիսի 5-11-ն անցկացված հարցման պաշտոնական արդյունքները հրապարակվել էին մայիսի 22-ին, և դրանք հասանելի են միայն IRI-ի պաշտոնական հրապարակման միջոցով։
CivilNet-ի հարցմանը պատասխանել են Europe Elects հարթակից։ Նրանք հայտնել են, որ կարգավորում են հարցումների արդյունքները՝ հաշվարկից դուրս թողնելով այն հարցվածներին, որոնք չեն կողմնորոշվել, հրաժարվել են պատասխանել կամ նշել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը։ Europe Elects-ի տվյալներով՝ «Բրեվիսի» հարցման մասնակիցների 51%-ը պատկանել է հենց այս խմբին։




































