ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն «մոլորեցնող» է անվանել այն տեղեկությունները, թե «070» անձնագրով արցախից տեղահանված հայրենակիցները կարող են մասնակցել հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին:
Առանց ՀՀ քաղաքացիության համար դիմելու և քաղաքացիություն ստանալու հնարավոր չէ ձեռք բերել ընտրական իրավունք և ընդգրկվել ընտրողների ցուցակներում, ընդգծել են գերատեսչությունից:
ՆԳՆ-ից հայտնել են, որ դատարանը բեկանել է «070» ծածկագրով անձնագրով ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք տվող երեք ակտը։ Այդ ակտերի մասին ավելի վաղ, որպես իրավական հիմք, հայտնել էր փաստաբան Ռոման Երիցյանը։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ՀՀ իշխանություններին մեղադրել է Արցախին ու արցախցիներին վերաբերվող հարցերում ոչ օբյեկտիվ և ոչ պրոֆեսիոնալ որոշումներ կայացնելու մեջ։
«Վերաքննիչ դատարանն անհիմն հակասահմանադրական որոշում կայացրեց, ես կարծում եմ, որ պետք է շարունակել դատարաններ դիմել, պետք է դատական բոլոր ատյաններն օգտագործել արցախցիների իրավունքների պաշտպանության համար։ Ավելին, երբ նույնիսկ Վճռաբեկ դատարանի կողմից չստանանք իրական իրավունքների պաշտպանությանը միտված դատական ակտեր, պետք է դիմել նաև Եվրոպական դատարան»,- պարզաբանել է նա։
Ավելի վաղ Երիցյանը հայտնել էր, որ Արցախից բոլոր բռնի տեղահանվածներն օրինական իրավունք ունեն մասնակցելու Հայաստանում կայանալիք ընտրություններին՝ անկախ քաղաքացիության պաշտոնական ձևակերպման փաստից կամ «070» կոդով անձնագրի առկայությունից։ Նա ընդգծել էր, որ այս հարցով արդեն կան իրավական նախադեպեր, և Վարչական դատարանը մայիսին օրինական ուժի մեջ մտած երեք որոշում էր կայացրել։ Ավելի ուշ ՆԳՆ-ն հերքել էր Արցախի «070» կոդով անձնագրերով ՀՀ ընտրություններին մասնակցելու մասին տեղեկությունը՝ հավելելով, որ կբողոքարկի դատարանի որոշումները։



































