ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն 2025 թվականի հաշվետվությունում անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին:
Փաստաթղթում նշվում է, որ ռազմական դաշինքը ողջունում է կողմերի միջև գրանցված նշանակալի առաջընթացը և ճանաչում ԱՄՆ-ի շարունակական ներդրումը խաղաղության գործընթացում:
Փաստաթղթում հատկապես ընդգծվում է օգոստոսին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, որը որակվում է կարևոր քայլ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ: ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պատրաստ է խորացնել երկխոսությունն ու համագործակցությունը երկու երկրների հետ:
Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրվել էր խաղաղության համաձայնագրի նախնական տեքստը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարին Վաշինգտոնում հրապարակել էին TRIPP-ի իրականացման շրջանակը:




















