Արարատի քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Ասլան Ավետիսյանը որևէ գործով որպես մեղադրյալ ներգրավված չէ, Armenia Today-ին փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Հրապարակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, այսօր գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել համայնքային հողերի օտարման գործընթացներին առնչվող, որով իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Ավետիսյանը:
Թերթի աղբյուրների համաձայն՝ քաղաքապետը դեռևս մեղադրյալի կարգավիճակ չունի, քանի որ վարույթը նոր է նախաձեռնվել, և առայժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:
Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին չհստակեցրին՝ նման վարույթ առկա՞ է, թե՞ ոչ:
Ավետիսյանը չի պատասխանել թերթի զանգերին: Պարբերականի տվյալներով՝ Ավետիսյանին առնչվող մեղադրանքները միայն այս գործով չեն սահմանափակվում. մեկ այլ քաղաքացի՝ Գայանե Հովնանյանը, նրան մեղադրում է 2013 թվականին «իր հորը սպանելու մեջ», ինչպես նաև նրա անունը կապվում է «Մարտի 1»-ի գործի հետ:






































