Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ Հանգստյան ժամերգության ավարտին կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988թ. Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված սումգայիթյան ջարդերի զոհերի, հայտնում է Մայր Աթոռը։
Նշվում է, որ եկեղեցականաց դասը և ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք են բարձրացրել առ Աստված՝ կոտորածի ենթարկված անմեղ հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել 1988 թվականի Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ։
Ջարդերն սկսվել էին 1988 թվականի փետրվարի 27-ին՝ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ։ Երեք օրվա ընթացքում սպանվել էր 53 մարդ, տասնյակները՝ վիրավորվել։ Որոշ աղբյուրների համաձայն՝ զոհերի թիվը հասել էր 100-ի, իսկ վիրավորների թիվը՝ մոտ 200-ի։ Այս ջարդերից հետո քաղաքի հայ բնակչությունն ստիպված էր փախչել երկրից։
Սումգայիթի ջարդերը դեռևս չեն ստացել համարժեք քաղաքական և իրավական գնահատական միջազգային հանրության կողմից։ Սումգայիթի իրադարձություններից հետո հայերի դեմ ջարդեր էին իրականացվել նաև Ադրբեջանի այլ շրջաններում, այդ թվում՝ Բաքվում։ Արդյունքում՝ կես միլիոն հայ արտաքսվել էր երկրից։





































