Դատարանը բեկանել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 3 մասնակցի արդարացման ակտը, որի համաձայն խուլիգանություն կատարելու համար մեղադրվող Գագիկ Համբարձումյանը, Ժորա Ավետիսյանը և Մեսրոպ Եսայանն արդարացվել էին, հայտնել է Գլխավոր դատախազությունը։
2024 թվականի մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձինք, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջ-հորդորները, ի թիվս հասարակական կարգը խախտող այլ արարքների՝ շիշ և տարբեր ծխարձակող առարկաներ էին նետել ոստիկանության ծառայողների և ԱԳ նախարարության շենքի ուղղությամբ:
Նրանց հանդեպ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն) հարուցվել էր քրեական գործ, որով նրանք ճանաչվել էին անմեղ: Հունվարի 22-ին դատարանի որոշումը բեկանվել և ուղարկվել էր Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
2024 թվականի մայիսի 31-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ ԱԳՆ շենքի մոտ ակցիա էր իրականացրել՝ հանդիպում պահանջելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ակցիայի մասնակիցներին հայտնել էր, որ Միրզոյանը հանդիպման համաձայնություն չի տվել, զբաղված է։ ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանությունը փորձել էր ցրել շարժման ակցիան, որից հետո բախումներ էին սկսվել։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հունիսի 2-ին հայտնել էր, որ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվածների պահման վայրում 27 քաղաքացի կա, հայտնի էր դարձել ընդհանուր 101 տուժողի մասին: Հունիսի 3-ին ձերբակալված 27 քաղաքացիներն ազատ էին արձակվել։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։






































