Օդի աղտոտվածության մի ստվար հատված մարդածին չէ, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա բացատրել է, որ դա պայմանավորված է տարածաշրջանի բնակլիմայական պայմաններով։
«Այնուամենայնիվ, կան մարդածին գործոններ, որոնք վերաբերում են շինարարությանը, տրանսպորտին, հանքերին, ջեռուցմանը, աղբավայրին և այլն։ Մեր հիմնական խնդիրը լինելու է մարդածին հատվածի վերաբերյալ նոր կարգավորումներ մտցնելը՝ անկախ նրանից՝ դա մեր ֆունկցիան է, թե օրենսդրական փոփոխություններ են հարկավոր։ Մեր պատասխանատվությունն է, մենք ենք հանձնառու»,- նշել է քաղաքապետը։
2024 թվականի դեկտեմբերին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտարարել էր, որ Երևանում օդի աղտոտվածության մակարդակն անբարենպաստ իրավիճակում է։ Հայաստանում 2022 թվականին գրանցվել էր տարածաշրջանում օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակը։