Երկարատև խաղաղության հասնելը կպահանջի, որ երկու կողմն էլ համաձայնեն դժվար, բայց անհրաժեշտ զիջումների, X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը։
«Բարդ և մահաբեր պատերազմը, ինչպիսին Ուկրաինայում է, ավարտելը պահանջում է լուրջ և իրատեսական գաղափարների փոխանակում»,- ընդգծել է նա։
Պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ մշակել և շարունակելու է մշակել հակամարտությունն ավարտելու հնարավոր գաղափարների ցուցակ՝ հիմնվելով կողմերի առաջարկների վրա։
Նոյեմբերի 20-ին The Wall Street Journal-ը գրել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարգավորման ԱՄՆ-ի ծրագիրը նախատեսում է, որ Կիևն առնվազն մի քանի տարով կհրաժարվի Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու ձգտումից։ Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի տարածքում հնարավոր չի լինի նաև միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել։ Փոխարենը Ռուսաստանը պարտավորվում է «չհարձակվել Ուկրաինայի կամ Եվրոպայի այլ երկրների վրա»։





































