Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարգավորման ԱՄՆ-ի ծրագիրը նախատեսում է, որ Կիևն առնվազն մի քանի տարով կհրաժարվի Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու ձգտումից, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով փաստաթղթին ծանոթ աղբյուրներին:
Առաջարկի որոշ կետեր, որոնց մասին գրում է պարբերականը, համընկնում են այն կետերի հետ, որոնք ներկայացրել են Financial Times-ը և Reuters-ը։ Դրանց թվում է Դոնբասը զիջելու պահանջը, ներառյալ՝ նրա վերահսկողության տակ գտնվող տարածքները։
Ուկրաինայի տարածքում հնարավոր չի լինի նաև միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել, փոխանցում է WSJ-ն։ Ենթադրվում է, որ փոխարենը Ռուսաստանը պարտավորվում է «չհարձակվել Ուկրաինայի կամ Եվրոպայի այլ երկրների վրա»։
Ուկրաինան ՆԱՏՕ-ին արագացված անդամակցության հայտ էր ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերին: Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին դաշինքին անդամակցությունն անվանել էր անվտանգության լավագույն երաշխիք: Եվրոպական որոշ երկրներ աջակցում են այս գաղափարին, բայց ԱՄՆ-ն մերժում է այն:
Ռուսաստանը դեմ է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Կիևի համար չեզոք, արտադաշինքային և առանց միջուկային կարգավիճակը խաղաղ կարգավորման պայմանների թվում է, որոնք հնչեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի ԱԳՆ-ն նաև նշել է, որ Մոսկվան կտրականապես դեմ է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման հետ կապված ցանկացած սցենարի:





































