Ռուսաստանում հաստատել են առաջիկա հինգ տարիների՝ 2026-2030 թվականների միգրացիոն քաղաքականության ծրագիրը։ Համապատասխան հրամանագիրն ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:
Հայեցակարգում նշված է, որ Ռուսաստան աշխատանքի եկող միգրանտների թվի աճը կպահպանվի մինչև 2030 թվականը: ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ օտարերկրյա աշխատողների կարիքների համար, ըստ փաստաթղթի, Ազգային անվտանգության նոր մարտահրավերների և սպառնալիքների ի հայտ գալը պահանջում է միգրացիոն քաղաքականության կատարելագործում: Ռուսաստանում պետք է միջոցներ ձեռնարկվեն, որոնք ուղղված կլինեն միգրացիոն քաղաքականությանը վերաբերող հարցերում գործատուների պատասխանատվության բարձրացմանը, նշվում է հայեցակարգում:
Այս մշակվող քաղաքականության արդյունքը պետք է լինի անօրինական միգրանտների և օտարերկրյա քաղաքացիների հանցագործությունների թվի նվազումը, այդ թվում՝ անչափահասների շրջանում։
Բացի այդ, ակնկալվող արդյունքների թվում են՝ Ռուսաստանում անօրինական աշխատող միգրանտների մասնաբաժնի նվազում, միգրանտ երեխաների թվի նվազում, որոնք չեն հաճախում ուսումնական հաստատություններ, Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում օտարերկրյա ուսանողների մասնաբաժնի ավելացում, միգրանտների մասնաբաժնի բարձրացում, որոնք հավաքագրվում են նպատակային հավաքագրման ծրագրերով:
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հոկտեմբերի 13-ին հայտնել էր, որ 2025 թվականի փետրվարի 5-ից, երբ սկսել է գործել անօրինական միգրանտների ռեեստրը, Ռուսաստանից արտաքսվել է մոտ 35 հազար մարդ, որոնք խախտել են միգրացիոն օրենսդրությունը։ Դրա հետ մեկտեղ նա հստակեցրել էր, որ Ռուսաստանի տարածքում անօրինական գտնվող ներգաղթյալների տվյալների բազայում (վերստուգվող անձանց ռեեստրում) սեպտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված էր 770 հազար մարդ, որոնց մեկ երրորդը կանայք և երեխաներ են:
Սեպտեմբերի 11-ից անօրինական միգրանտներին արգելվում է գրանցել ամուսնություններն ու ամուսնալուծությունները, նրանց երեխաներին հաճախել մանկապարտեզներ ու դպրոցներ և այլն:






































